Ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն ՈՒիթքոֆը շատ հպանցիկ անդրադարձել է նաև հայ - ադրբեջանական հակամարտությանը:
Ամերիկայի նախագահի բանագնացի առաքելության մասին խոսելիս՝ ՈՒիթքոֆը նշել է, որ տարբեր հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալու ժամանակ ԱՄՆ-ն այդ միջնորդությունը տեղին կհամարի միայն այն դեպքերում, եթե ազդեցություն ունի ու հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում:
«Եթե ես չեմ զգում, որ հաջողության եմ հասնելու, ինչու՞ պիտի իմ ժամանակ ծախսեմ, կամ որ ավելի վատ է՝ Միացյալ Նահանգների ժամանակը ծախսեմ: Ինչու՞ պիտի գնամ ու նախագահին ասեմ, որ կարող ենք ինչ-որ մի հակամարտություն ավարտել երկխոսությամբ, բայց արդյունքում չկարողանանք անել դա: Դա վատ քաղաքական ստրատեգիա կլինի, եթե ես անձամբ չեմ ներգրավվում, եզրակացություններ չեմ անում ու գալիս նախագահին ասում՝ մենք սա կարող ենք ավարտել երկխոսությամբ կամ չենք կարող:
Ընդ որում, այս հաշվարկները վերաբերում են իրանցիներին, ռուսներին և ուկրաինացիներին, նույնը վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին», - ասել է ՈՒիթքոֆը:
Թրամփի բանագնացի այս հայտարարությունն ավելի շուտ այն բանի մասին է, որ Վաշինգտոնը մեծ ներգրավվածությունն չի ունենալու հայ- ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում. ԱՄՆ-ը պարզապես նման շահեր չունի:
Հատկապես Թրամփի հաղթանակից հետո սա ակնհայտ փաստ էր, եթե նույնիսկ չլիներ ՈՒիթքոֆի այս հայտարարությունը:
Իհարկե, այս ակնհայտ փաստն անտեսվելու է մեր պսևդոարևմտամետների կողմից, ովքեր շարունակելու են պնդել, թե ԱՄՆ-ը մեզ փրկելու է Ադրբեջանից՝ հույսեր «վաճառելով» մեր հասարակությանը:
Էս մարդկանց հետ չի պահելու անգամ էն փաստը, որ առնվազն 2023-ի դեկտեմբերից Փաշինյանն ինքն է փակել դռները բոլոր միջնորդների առաջ՝ Ալիևի պահանջով նախապատվությունը տալով հայ-ադրբեջանական ուղղակի բանակցություններին:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ